SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մայիսի 4-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ստացված ահազանգի փաստով:  

Այդ օրը՝ ժամը 11:00-ին, նշված բժշկական կենտրոնից ոստիկանություն հայտնել էին, որ շտապօգնության բժիիշկների թիվ 47 խումբը՝ «աջ սրունքի կտրած վերքով» ախտորոշմամբ, իրենց մոտ է տեղափոխել մի տղա երեխայի:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:  

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 16-ամյա Տիգրան Պ.-ն է, ով հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետևանքով:  

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները պարզել են, որ վիրավորի հայտնած տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում և դեպքը տեղի է ունեցել Արշակունյաց պողոտայում գտնվող Հայ-հունական պետական քոլեջում և նրան դանակով հարվածել է Երևանի բնակիչ, 17-ամյա Խորեն Հ.-ն:  

Վիրավորը և նրան դանակահարած կասկածյալը սովորում են Հայ-հունական պետական քոլեջում:   Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Խորեն Հ.-ին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

08 Մայիս, 2021 23:26
306
; ;