
ԱՄՆ-ն քննարկում է կառավարության դեմ բողոքներից հետո Կուբայում ինտերնետ հասանելիությունը վերականգնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Նախագահ Ջո Բայդենը, հայտնում է The Hills-ը:
«Նրանք անջատել են ինտերնետ հասանելիությունը: Մենք քննարկում ենք այդ հասանելիությունը վերականգնելու հարցը»,- ասել է Բայդենը:
Ավելի վաղ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը նամակ էր ուղղել Բայդենին՝ խնդրելով դաշնային օգնություն տրամադրել կուբացիներին ինտերնետ հասանելիության հարցում: Բայդենին նման խնդրանքով դիմել էր նաեւ սենատոր Մարկո Ռուբիոն:
«Կան տեխնոլոգիաներ, որոնք հնարավորություն են տալիս Կուբայում հեռահար ինտերնետ հասանելիություն ապահովել՝ օգտագործելով նորարարություններն ամերիկյան բիզնեսի եւ արդյունաբերության ոլորտում»,- գրել է ԴեՍանտիստ: «Սառը պատերազմի տարիներին Խորհրդային Միությունում ռադիոհեռարձակմանն ուղղված Ամերիկայի ջանքերի նման, դաշնային կառավարությունը երկար ժամանակ աջակցում էր Կուբայում ինֆորմացիայի տարածմանը ժողովրդի համար Մայամիում տեղակայված Radio & Televisión Martí-ի միջոցով»:
Բայդենը հայտարարել է, որ Կուբայի կառավարությունը հուսախաբ է արել իր քաղաքացիներին: «Կոմունիզմը ձախողված համակարգ է, եւ ես սոցիալիզմը շատ օգտակար փոխարինող չեմ համարում, բայց դա արդեն այլ պատմություն է»,- ասաց նա:
Բայդենի վարչակազմը ներկայումս վերանայում է Թրամփի դարաշրջանի Կուբայի քաղաքականությունը, բայց հասկանալի չէ, թե երբ կավարտվի այդ վերանայումը: Բայդենը նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ն չի քննարկում Կուբա տրանսֆերտներ ուղարկելու հարցը՝ կառավարության կողմից դրանց բռնագրավման հավանականության պատճառով: Նա նաեւ հայտնել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ կլինեն Կուբային «զգալի քանակությամբ» պատվաստանյութեր տրամադրել COVID-19-ի դեմ միայն այն դեպքում, եթե երաշխավորվի, որ միջազգային կազմակերպությունը պատվաստանյութերը տեղերում է բաշխելու:
Աղբյուր՝ news.am