Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Գնել Սանոսյանն այսօր փոխնախարար Հակոբ Վարդանյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ։

Ընկերությունը զբաղվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատիվ տեխնոլոգիական և տնտեսական կարգավարմամբ, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության, ներկրման, արտահանման և տարանցման համակարգային պլանավորմամբ ու կոորդինացմամբ։

Գնել Սանոսյանը «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մնացական Մնացականյանի և տնօրենի տեղակալ, աշխատակազմի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի ուղեկցությամբ ծանոթացել է ՓԲԸ-ի գործառույթներին, իրականացվող աշխատանքներին։

Նախարարին ներկայացվել են Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքման և կարգավարական կառավարման SCADA համակարգը, ՀՀ էներգահամակարգի էլմիացումների հեռանկարային, վերականգնվող էլեկտրական էներգիա արտադրող կայանների տեղաբաշխման քարտեզները։

Այցի շրջանակում մասնագետների հետ քննարկվել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր։

260