Այն պահին, երբ թալիբները գրավել են Քաբուլը՝ վերցնելով իշխանությունը, ՀԱՊԿ-ը պատրաստվում է զորավարժություններ սկսել աֆղանա-տաջիկական սահմանին։

Ակնհայտ է, որ այս զորավարժությամբ ՀԱՊԿ-ը ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ անհրաժեշտության դեպքում կարող է պաշտպանել Միջին Ասիան թալիբներից, որոնք վտանգ են ոչ միայն Միջին Ասիայի, այլև հենց Ռուսաստանի համար։

Ասել, թե տաջիկա-աֆղանական սահմանին իրավիճակը նոր է սրվել, սխալ կլինի․ այստեղ միշտ պահպանվում է սահմանային լարվածությունը։ Ի դեպ, մինչև 2005 թ․-ը տաջիկ-աֆղանական սահմանին ռուսական ուժերն են ապահովել անվտանգությունը․ սահմանապահները կանխարգելել են նաև Աֆղանստանից դեպի Ռուսաստան և Եվրոպա ապօրինի թմրամիջոցների մուտքը։

1992-ից մինչև 2005 թվականը, երբ տաջիկա-աֆղանական սահմանները վերահսկում էին ռուս սահմանապահները, տեղի է ունեցել ավելի քան 530 բախում և 1600 ներթափանցման փորձ, որոնց հետևանքով մարտերում զոհվել է 161 ռուս սահմանապահ, վիրավորվել՝ 362-ը։ Նրանց կողմից սպանվել են մոտ 3000 զինյալ, առգրավվել է ավելի քան 30 տ թմրամիջոց, այդ թվում՝ 11.4 տ հերոին:

Չնայած նրան, որ ռուսական բանակը արդեն մոտ 15 տարի է, ինչ դուրս է եկել Տաջիկստանից, Ռուսաստանը շարունակում է ունենալ ռազմական ներկայություն այնտեղ։ Տաջիկստանում է գտնվում ռուսական ամենամեծ՝ 201-րդ ռազմաբազան, որը տեղակայված է 3 քաղաքներում՝ Դուշանբեում, Կուրգան-Տյուբեում և Կուլյաբում։

Ի սկզբանե ռազմաբազայի հիմնական նպատակը եղել է խոչընդոտել ահաբեկչական փորձերին և թմրանյութերի ապօրինի շրջանառությանը։ Ռազմաբազայում կա մոտ 7500 մարտիկ։ Ուստի վերջին դեպքերի հետ կապված՝ ռուսական ռազմաբազան կարող է պաշտպանել աֆղանա-տաջիկական սահմանը։ Սրա մասին խոսել է նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ Տաջիկստանում և Ղրղզստանում գտնվող ռուսական ռազմակայանները կներգրավվեն ՀԱՊԿ սահմանների պաշտպանության մեջ։ Տաջիկստանը ևս իր սահմաններն ամրապնդելու համար ուղարկել է մոտ 20 հազար զինվորական: Կարելի է ասել, որ Միջին Ասիան պատրաստ է դիմակայել թալիբներին, եթե նրանք փորձեն հատել ՀԱՊԿ-ի սահմանները։

Հիմնական վտանգն այն է, որ կան տաջիկներ և ուզբեկներ, որոնք կռվում են գրոհայինների շարքերում, և եթե նրանք ներթափանցեն Միջին Ասիա, կարող են այնտեղ նոր խժդժություններ սկսել բնակչության շրջանում։ Մեկ այլ խնդիր են աֆղան փախստականները, որոնք հատում են Տաջիկստանի սահմանը։ Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի տվյալներով՝ արդեն ավելի քան 1,5 հազար աֆղան է անցել երկիր: Դրանցից 1037-ը՝ հուլիսի 5-ի գիշերը, երբ գրոհայինները ամբողջությամբ վերահսկողություն հաստատեցին Բադախշան նահանգի վեց շրջանների նկատմամբ, որոնք ընդհանուր սահման ունեն Տաջիկստանի հետ՝ 910 կիլոմետր երկարությամբ:

Այս վտանգը չեզոքացնելու համար կարևոր է ՀԱՊԿ-ի դերակատարությունը։ Զորավարժությունները խոսում են այն մասին, որ ռազմաքաղաքական բլոկը պատրաստ է մտնել ակտիվ գործողությունների մեջ։ Դեռևս հուլիսի 7-ին Դուշանբեն օգնություն է խնդրել բլոկից․ ՀԱՊԿ-ում մշտական ​​ներկայացուցիչ Հասան Սուլթոնովը նշել էր, որ տաջիկա-աֆղանական սահմանը հեռավոր լեռնային տարածք է, և Տաջիկստանի համար դժվար է միայնակ վերահսկել այն: Սրան ի պատասխան՝ Վլադիմիր Պուտինը իր տաջիկ գործընկերոջը՝ Էմոմալի Ռահմոնին, խոսք է տվել հարկ եղած դեպքում ՀԱՊԿ-ի շրջանակներում օգնություն տրամադրել։  Օգնության մասին խոսել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ նշելով, որ Տաջիկստանին մենակ չեն թողնի, և եթե սպառնալիք ստեղծվի Տաջիկստանի համար: Սա լավ առիթ է ՀԱՊԿ-ի համար օգտագործելու այն  հօգուտ իրեն՝ ցույց  տալով իր ծանրակշիռ լինելը։ Ռուսաստանի ԱԳՆ-ում ևս կարծում են, որ սա կլինի ամենատպավորիչ ազդանշանը բոլոր այն ուժերին, որոնք կփորձեն ոտնձգություն կատարել ՀԱՊԿ-ի դեմ: Այն նաև ազդանշան է ԱՄՆ-ին և Թուրքիային, որոնք փորձում են մեծացնել իրենց ազդեցությունը Միջին Ասիայում, հատկապես այն դեպքում, երբ Տաջիկստանը օգնություն է խնդրել նաև ԱՄՆ-ից։

 

8842