AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության բաժնի շրջանավարտ (բակալավր), «Իրանական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի մագիստրանտ Տաթևիկ Դունամալյանն է:
Տաթևիկ, ինչպե՞ս ընտրեցիք իրանագետի մասնագիտությունը:
Ինձ մշտապես հետաքրքրել է իրանական հարուստ մշակույթը, դարերի խորքից եկող պատմությունը և քաղաքակրթությունը, և ցանկություն ունեի ավելի խոր ուսումնասիրել ոչ միայն վերոնշյալ ոլորտները, այլ նաև լեզուն և իմ գիտելիքները ծառայեցնել հայ-իրանական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:
Ապագա իրանագետներն ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում:
Ապագա իրանագետների համար կրթական ծրագրում հիմնականում շեշտը դրվում է մասնագիտական առարկաների վրա, որոնք հնարավորություն են ընձեռում բացահայտելու Իրանի պատմությունը, մշակույթը, լեզուն, գրականությունը, կրոնը և այլն: Զուգահեռ, ուսանողներն ուսումնասիրում են նաև ոչ մասնագիտական առարկաներ, որոնք ապահովում են ընդհանուր գիտելիքներ: Ստացած համապարփակ կրթության շնորհիվ ուսանողներն ամբողջական պատկերացում են կազմում ոչ միայն Իրանի, այլև ամբողջ Արևելքի մասին, սիրահարվում են Արևելքին:
Ի՞նչ թեմայի շուրջ եք գրել Ձեր դիպլոմային աշխատանքը:
Ստացած խոր գիտելիքների արդյունքում բավականին բարդ էր կողմնորոշվել թեմայի ընտրության հարցում,բայց երկար ուսումնասիրության արդյունքում որոշեցի դիպլոմային աշխատանքս գրել «Հիջաբի մշակույթը Իրանում» թեմայով: Թեման անսահման հետաքրքիր էր, բայց պետք է անկեղծ գտնվեմ և նշեմ, որ, չնայած հետաքրքրությանը, բավականին բարդ էր ուսումնասիրել այն՝ հաշվի առնելով անհրաժեշտ նյութերի և աղբյուրների սակավությունը: Յուրաքանչյուր ժամանակահատվածի հասարակության էությունը հասկանալու և առկա փոխհարաբերությունների մասին առավել խոր պատկերացում կազմելու համար մեծ նշանակություն ունի հասարակության տարբեր շերտերի հագուստների առանձնահատկությունների ուսումնասիրությունը։ Պետք է նշեմ, որ հիջաբն Իրանի հազարամյակների պատմության և մշակույթի, իրանական դարավոր ավանդույթների և իրանցի կանանց դարերի խորքից եկող սկզբունքների և համոզմունքների լավագույն վկայությունն է։
Ինչպե՞ս որոշեցիք մագիստրատուրան Իրանական պատմաբանասիրության ուղղությամբ շարունակել:
Բակալավրի աստիճան ստանալուց հետո որոշումս հստակ էր, որ մագիստրատուրան ևս պետք է շարունակեմ նույն ուղղությամբ: Մագիստրատուրայի իրանագիտություն բաժնի պատմաբանասիրություն մագիստրոսական կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս նորովի ճանաչելու Իրանը:
«Իրանական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում ի՞նչ առարկաներ եք ուսումնասիրել:
Բակալավրում ուսումնասիրվող առարկաները հիմք են դառնում, որ մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակներում զարգացվի վերլուծական միտքը: Մագիստրատուրայի 1-ին կուրսում ուսումնասիրել ենք Իրանական ԶԼՄ-ները և մեդիադաշտը, Մերձավոր արևելքում Իրանի վարած քաղաքականությունը, ԻԻՀ պետական կարգը և այլ առարկաներ: Եվ խոսելով կրթական ծրագրի մասին՝ չեմ կարող չնշել այն, որ չնայած մագիստրատուրայի 1-ին կուրսը մարտահրավերներով լի էր, բայց մեր դասախոսների՝ ոլորտի լավագույն մասնագետների շնորհիվ մենք շարունակեցինք զինվել գիտելիքով:
Տաթևիկ, Դուք նաև հանդիսանում եք ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահը: Մի փոքր կխոսե՞ք որպես ՈւԳԸ նախագահ Ձեր ծավալած գործունեության մասին:
ՈՒԳԸ-ն ինձ համար համալսարանում մի կարևոր և տարբերվող աշխարհ է, որտեղ յուրաքանչյուրի նպատակը մեկն է՝ առաջնորդվել համալսարանականին վայել արժեքներով: Ինձ համար մեծ պատիվ է լինել ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ: Թիմում յուրաքանչյուր անդամ հստակ գիտի իր անելիքը և դա է պատճառը, որ մեր բոլոր ծրագրերը հաջողում են: Մեր ՈՒԳԸ-ն ակտիվ գործունեություն է ծավալում և իրականացնում մի շարք միջոցառումներ: Կազմակերպում ենք գիտաժողովներ, գիտաճանաչողական այցեր տարբեր թեմաներով բանախոսություններ, որի ընթացքում ուսանողները ևս մեկ անգամ հնարավորություն են ունենում լսել ոլորտի լավագույն մասնագետներին, ինչպես նաև Արևելյան գրականությունը հայերեն մատուցելու հայ ընթերցողին. թարգմանությունների մրցույթ, օլիմպիադաներ, գրքերի և ֆիլմերի քննարկումներ և մի շարք այլ միջոցառումներ: Մեր կարևոր նպատակներից մեկը միջֆակուլտետային համագործակցությունն է, որի շրջանակներում իրականացվում են բազմաբովանդակ միջոցառումներ:
Կպատմե՞ք ՈւԳԸ «Ամառային դպրոցի» մասին:
«Ամառային դպրոց» ծրագիրը մեր ամենակարևոր ծրագրերից է, և այս տարի երկար աշխատանքից հետո կարողացանք իրագործել այն: Ուրախալի էր այն, որ շատ արագ տարածվեց ծրագիրը, և մենք մինչև հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը ստացանք մոտ 100 հայտ: Ընտրված 40 մասնակիցները տարբեր մարզերի 15-18 տարեկան պատանիներ էին, որոնք մասնագիտության ընտրության հարցում դեռևս չէին կողմնորոշվել, սակայն հետաքրքրված էին Արևելքով: 1 ամսվա ընթացքում ծրագրի շրջանակում բանախոսեցին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանը, ամբիոնի վարիչները, դասախոսներ, ինչպես նաև ներկա և նախկին ուսանողները: Դպրոցի շրջանակում բանախոսությունները տարբեր թեմաներով էին. պատմություն, քաղաքականություն, մշակույթ, լեզվաբանություն, կրոն, գրականություն և այլն: Այս ծրագիրը եղավ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի ամենակարևոր ծրագրերից մեկը, որն ավարտվեց հաջողությամբ, և հուսով ենք, որ ծրագիրը կկրի շարունակական բնույթ՝ Արևելքը բացահայտելու նոր հնարավորություններ ընձեռելով հայաստանցի պատանիներին: Կարևոր փաստ է, որ, չնայած նրան, որ դպրոցը հեռավար էր, այնուամենայնիվ, թիմին հաջողվեց ոչ միայն գիտելիքներ փոխանցել պատանիներին, այլև փոխանցել կարևոր արժեքներ, որոնց կրողը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողներն են: Ոչ միայն դպրոցի, այլև առհասարակ մեր ՈւԳԸ ծրագրերի իրագործման մեջ մեզ համար մեծապես կարևոր է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների և բոլոր դասախոսների անվերապահ աջակցությունը:
Արդեն ընտրե՞լ եք Ձեր մագիստրոսական թեզի թեման:
Այս անգամ թեզի թեման ևս բավականին հետաքրքիր է: Թեզի թեման Իրանի ճարտարապետության գեղագիտական արտահայտչամիջոցներն են: Կարծում եմ, խորապես կուսումնասիրեմ և նորովի կբացահայտեմ Իրանի մշակույթը:
Ապագա համալսարանականին ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտաք:
Համալսարանականներին կցանկանամ ասել, որ երբեք չվախենան բարդություններից, կարևորեն իրենց ընտրած մասնագիտությունը և լավագույնը լինեն իրենց ընտրած ոլորտում: Արժանի լինեն համալսարանական կոչումը կրելուն: Կցանկանամ խոսքս ուղղել նաև ապագա արևելագետներին: ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող լինելը պատիվ է, իսկ արևելագետ լինելը՝ վեհ կոչում, և յուրաքանչյուրս պետք է անենք այնպես, որ միշտ հավատարիմ լինենք այդ կոչմանը, լինենք այն կարևոր արժեքների կրողն ու տարածողը, որոնք սերմանվում են մեր մեջ ուսանելու տարիներին:
Օլյա Շահինյան