«Հանրային ծառայության մասին» օրենքի փոփոխություններով սահմանված` հայտարարագրման ենթակա գույքի և ծառայությունների դիմաց պաշտոնյաների կատարած ծախսերի վերաբերյալ հարցուպատասխանի ձևաչափով մանրամասներ է ներկայացնում ԿԿՀ հայտարարագրերի վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Լաուրա Արզումանյանը:

Հայտարարատու պաշտոնատար անձանց ո՞ր ծախսերն են ենթակա հայտարարագրման, ի՞նչ ժամկետ և առանձնահատկություններ են սահմանվել «Հանրային ծառայության մասին» օրենքով:

Ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ հայտարարագրման ենթակա են ՀՀ դրամով, արտարժույթով կամ բնամթերային ձևով հանգստի համար կատարված ճանապարհածախսը, կեցության ծախսը, շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը, ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը, գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը, վարկի մարմանն ուղղված վճարումները, անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը, կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը,  և ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույք, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Հայտարարատու պաշտոնյայի փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման առումով ինչպիսի՞ իրավակարգավորումներ են սահմանված:

Օրենքով արդեն սահմանվում է, որ պետք է հայտարարագրվի հայտարարատուի կողմից փաստացի տիրապետվող գույքը և այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, սակայն ձեռք է բերվել հայտարարատուի անունից կամ օգտին կամ ձեռք է բերվել հայտարարատուի հաշվին կամ հայտարարատուն այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ տնօրինում է:

Ըստ «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ ո՞ր գույքն է համարվում փաստացի տիրապետվող:

Փաստացի տիրապետվող գույք է համարվում անշարժ գույքը, տրանսպորտի միջոցը, թանկարժեք գույքը, որը սեփականության իրավունքով չի պատկանում հայտարարատուին, սակայն վերջինս հաշվետու ժամանակահատվածում (տարեկան հայտարարագրի դեպքում՝ տվյալ տարվա ընթացքում) 90 և ավելի օր փաստացի տիրապետում կամ օգտագործում է այն՝ անկախ նշված իրավունքների պետական գրանցումից: Հարկ է նշել, որ որպես փաստացի տիրապետվող գույք հայտարարագրման ենթակա չէ հայտարարատու անձի փաստացի տիրապետման ներքո գտնվող այն անշարժ գույքը կամ տրանսպորտային միջոցը, որը հայտարարատու անձի տիրապետմանն է հանձնվել աշխատանքային (ծառայողական) հարաբերությունների արդյունքում:

Փաստացի տիրապետվող գույքից բացի, հայտարարատուին սեփականության իրավունքով չպատկանող ո՞ր գույքն է ենթակա հայտարարագրման:

Հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի, սակայն.
 

  1. ձեռք է բերվել հայտարարատուի անունից կամ օգտին, այսինքն՝ գույքը փաստացի ձեռք է բերվել հայտարարատու անձի համար կամ
  2. ձեռք է բերվել հայտարարատուի հաշվին, այսինքն՝ գույքը ձեռք է բերվել հայտարարատու անձի դրամական կամ այլ գույքային միջոցներով, վերջինիս հաշվին կամ
  3. այդ գույքից փաստացի օգուտ է ստանում հայտարարատուն, այսինքն՝ թեև գույքի նկատմամբ հայտարարատու անձի սեփականության իրավունքը գրանցված չէ, սակայն տվյալ գույքից օգուտ՝ եկամտի կամ որևէ այլ ձևով, ստանում է հայտարարատու անձը կամ
  4. այդ գույքը տնօրինում է հայտարարատուն, այսինքն՝ հայտարարատու անձը գույքի ճակատագիրը որոշելու հարցում ունի վճռորոշ ազդեցություն:

Արդյո՞ք 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնը ստանձնած կամ դադարեցրած հայտարարատուների և նրանց ընտանիքի անդամների համար հասանելի են հայտարարագրման համակարգի նոր ձևանմուշները:

Օրենսդրական փոփոխությունների արդյունքում փոփոխվել և այժմ էլեկտրոնային համակարգում հասանելի են հայտարարագրերի լրամշակված ձևանմուշները: Շուտով նաև համակարգում կտեղադրվի հայտարարագրերի լրացման կարգի վերաբերյալ ուղեցույցը, որը հայտարարատուներին կօգնի քայլ առ քայլ լրացնել համապատասխան հայտարարագրերը:

Հորդորում ենք 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոն ստանձնած կամ դադարեցրած պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամներին, անկախ լրացուցիչ ծանուցում ստանալու հանգամանքից, հնարավորինս շուտ  կատարել օրենքով սահմանված հայտարարագրման պարտավորությունը և չթողնել այն վերջին օրերին (մեկամսյա ժամկետը լրանում է 2021 թվականի հոկտեմբերի 4-ին)։

283