AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:
AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի ուսանողուհի Աննա Ղարիբյանն է:
Աննա, ինչպե՞ս ընտրեցիք արաբագետի մասնագիտությունը:
Դեռ դպրոցական տարիներից մեծ հետաքրքրություն եմ ունեցել Արևելքի, նրա մշակույթի, պատմության և քաղաքակրթության հանդեպ։ Հատկապես իմ հետաքրքրության և ուսումնասիրության շրջանակներում է գտնվել Մերձավոր Արևելքն իր երկրների պատմությամբ և քաղաքականությամբ։
Մեր օրերում Արևելքի ուսումնասիրությունը չափազանց արդիական է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի շատ խնդիրներ և քաղաքական բազմաթիվ շահեր բախվում են հենց այս տարածաշրջանում։ Մասնագիտությանս ընտրության հարցում կարևոր դեր է խաղացել նաև արաբերեն լեզվի նկատմամբ մեծ հետաքրքրության հանգամանքը:
Ապագա արաբագետներն ի՞նչ առարկաներ են ուսումնասիրում: Դրանցից որո՞նք են օգնում ուսանողի հետագա ուսումնառության շրջանում:
Ապագա արաբագետները կրթական ծրագրի շրջանակներում խորությամբ ուսումնասիրում են մասնագիտական առարկաներ, որոնք միտված են բացահայտելու արաբական աշխարհն իր ողջ բազմազանությամբ, արաբական երկրների պատմությունը, մշակույթը, լեզուն, գրականությունը, կրոնը, քաղաքականությունը։ Իհարկե, ֆակուլտետում ուսումնասիրվում են ոչ մասնագիտական, սակայն չափազանց կարևոր առարկաներ ևս։ Դասավանդվող բոլոր առարկաներն իրենց ուրույն դերն ունեն հետագայում գրագետ, փորձառու և, իհարկե, պահանջված մասնագետներ դառնալու գործում։
Ի՞նչ սկզբունքով են ԵՊՀ-ում անցկացվում միջանկյալ ստուգումներն ու ավարտական քննությունները:
Համավարակի պայմաններում անցյալ տարի դրանք անցկացվել են օնլայն ձևաչափով, ինչպես բանավոր, այնպես էլ թեստային տարբերակներով։ Իսկ առկա պայմաններում անցկացվում են և՛ բանավոր, և՛ գրավոր ընթացակարգերով։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի շրջանավարտը ո՞ր ոլորտներում կարող է աշխատել:
Արևելագիտությունը չափազանց լայն մասնագիտություն է։ Հաշվի առնելով նրա ռազմավարական նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար՝ պետք է նշեմ, որ այն բավականին մեծ պահանջարկ ունի աշխատաշուկայում։ Ֆակուլտետի շրջանավարտները կարող են աշխատել արաբական երկրների դեսպանատներում, ուժային կառույցներում, արտասահմանյան հասարակական և քաղաքական տարբեր կառույցներում՝ ծավալելով գիտական, քաղաքական և թարգմանչական գործունեություն։
Ի՞նչ լեզուներ են ուսումնասիրում ապագա արաբագետները: Ձեր կարծիքով, արաբագետի համար հատկապես ո՞ր լեզուների յուրացումն է առանցքային:
Արաբագետների համար առանցքային դեր ունի հատկապես արաբերենի և իր բարբառների իմացությունը։ Սակայն ֆակուլտետում ուսումնասիրվում են նաև եբրայերեն, թուրքերեն, պարսկերեն, անգլերեն և ռուսերեն։ Չեմ կարող չընդգծել անգլերեն և ռուսերեն լեզուներին տիրապետելու կարևորությունը, քանի որ մասնագիտական գրեթե ամբողջ գրականությունը առկա է այդ լեզուներով։
Արևելքի պատմության ո՞ր շրջանն է Ձեզ հատկապես տպավորել:
Ինձ հատկապես դուր է եկել նախաիսլամական Արաբիայի պատմությունը, հետաքրքիր է հասկանալ, թե ինչ պատմական պայմաններում է ստեղծվել իսլամը, և ինչ միջավայրում է ապրել և գործունեություն ծավալել կրոնի մարգարեն՝ Մուհամմադը։ Չափազանց կարևոր և հետաքրքիր է նաև Օմայյան խալիֆայության կառավարման ժամանակաշրջանը։
Ընդունելության քննությունների առարկայացանկի հետ կապված ի՞նչ առաջարկներ կանեիք: Ըստ Ձեզ, արաբագետի համար այն ճի՞շտ է ընտրված:
Առարկայացանկի փոփոխության կարիք, կարծում եմ, չկա։ Ըստ իս՝ առարկաները ճիշտ են ընտրված։ Որակյալ մասնագետ դառնալու համար, կարծում եմ, նախ և առաջ պետք է շատ լավ տիրապետել մայրենի լեզվին և սեփական երկրի պատմությանը, իսկ անգլերենին տիրապետելը մեր օրերում, կարծում եմ, որ ամենակարևոր պայմաններից է։
Ի՞նչ առաջնահերթ խորհուրդներ կտայիք ապագա արևելագետին:
Ապագա արաբագետներին խորհուրդ կտամ ամենայն լրջությամբ և բարձր պատասխանատվությամբ մոտենալ ընտրած մասնագիտությանը՝ հաշվի առնելով դրա կարևորությունը և անհրաժեշտությունը մեր պետության համար։ Արևելագիտության ֆակուլտետում դասավանդում են մեծ գիտելիքներ, պրոֆեսիոնալիզմ և մարդկային բարձր արժանիքներ ունեցող մասնագետներ, և իմ խորհուրդն է հնարավորինս շատ օգտվել իրենց ընձեռված լայն հնարավորություններից՝ հետագայում արևելագետի բարձր կոչմանը արժանանալու համար։
Որքա՞ն ժամանակ է հարկավոր արաբերենին հավուր պատշաճի տիրապետելու համար:
Ինչպես գիտենք, արաբերենը համարվում է աշխարհում ամենաբարդ, բայց և լայն տարածում և կիրառություն ունեցող լեզուներից մեկը։ Հաշվի առնելով արաբերենի քերականության բազմաշերտությունը, բառային ֆոնդի մեծ ծավալը, շատ բարբառների, այլ լեզուներին նման չլինելու հանգամանքները՝ կարող եմ ասել, որ լեզվի յուրացման ընթացքը բավականին երկար է տևելու, սակայն հստակ ժամկետներ կդժվարանամ նշել։
Եթե նման հնարավորություն ունենայիք, ի՞նչ առանցքային փոփոխություններ կկատարեիք բարձրագույն կրթության համակարգում:
Բարձրագույն կրթական համակարգում խնդիրներ շատ կան։ Կցանկանայի փոփոխություններ կատարել գիտելիքների ստուգման և գնահատման չափանիշների և մեթոդների մեջ։ Ֆինանսական տեսանկյունից կրթությունը բավականին թանկ է Հայաստանում և իմ կարծիքով՝ կարևոր խնդիրներից է նաև բուհերի պատշաճ ֆինանսավորումը, ինչը, կարծում եմ, կնվազեցներ բուհերի կախվածությունը վարձավճարներից։
Օլյա Շահինյան