Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հանդիպել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։ Հանդիպումից հետո Կոլոմինան հայտարարել է, որ Վրաստանի նախագահ  Զուրաբիշվիլիի հետ քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր: 

«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել Վրաստանի նախագահի հետ: Մենք խոսեցինք տարածաշրջանային անվտանգության մասին: Մենք փորձում ենք գտնել ուղիներ ՆԱՏՕ-Վրաստան գործընկերության ամրապնդման համար:  ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրաատլանտյան նկրտումներին»,- թվիթերյան միկրոբլոգում գրել է Կոլոմինան: 

ALIQ-ի փոխանցմամբ, Խավիեր Կոլոմինան նաև այցելել է օկուպացիոն գծի մոտ գտնվող Օձիսի գյուղ, որտեղ  Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան և պետական անվտանգության ծառայության ներկայացուցիչները Խավիեր Կոլոմինային զեկուցել են օկուպացիոն գծի ներկայիս իրավիճակի և օկուպացված տարածքներում տիրող հումանիտար ծանր վիճակի մասին:

Խավիեր Կոլոմինան տարածաշրջանային շրջագայության շրջանակներում Վրաստանում էր երեկ։ Նա մինչև Վրաստան գալը եղել է Ադրբեջանում, իսկ Վրաստանից հետո կմեկնի Հայաստան: 

461