Քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողի կողմից նույն զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանին մահացու հրազենային, իսկ ևս երկու պարտադիր ժամկետային զինծառայողի հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:

2021թ. դեկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի վերոնշյալ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել եր, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով՝ համածառայակցի արձակած կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):

1727