ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահեցնում է, որ հուլիսի 1-ից թոշակառուների համար ուժի մեջ մտած անկանխիկ վճարում անելու դեպքում հետվճարի հնարավորությունից օգտվելու համար POS տերմինալների ծածկույթը հնարավորինս մեծանալու է: 

Նախարարն այս մասին վստահեցրեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հուլիսի 1-ից կարգավորումն ուժի մեջ  է մտել, բայց որոշ գյուղերում չկան համապատասխան ենթակառուցվածքներ՝ անկանխիկ գործարքների համար:

«Բնականաբար, երբ ցանկացած որոշում ընդունվում է, և ցանկացած նոր նախագիծը, որ իրականացվում է, հնարավոր չէ միանգամից 100-տոկոսանոց ծածկույթ ապահովել, աստիճանաբար պետք է լինի: Այս նախաձեռնությունը պետք է դիտարկել նաև ՀՀ կառավարության՝ անկանխիկի շրջանառությանը նպաստելու քաղաքականության համատեքստում»,-ասաց Մկրտչյանը:

2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, ովքեր ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում և ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով են կատարում գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար, հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5 հազար դրամը: Կառավարության այս նախաձեռնությանը միացել են մի քանի բանկեր:  

 «Փոքրիկ մոնիթորինգ ենք իրականացրել: Եթե նախկինում այն թոշակառուները, որոնք իրենց թոշակը ստանում էին քարտի միջոցով, մի քանի ժամ հետո հանում էին, ապա արդեն օրական միջինը 5 հազար դրամի անկանխիկ գործարքներ են իրականացվում»,-ասաց նախարարը:

Այսօր բանկային քարտերի միջոցով կենսաթոշակներ ստանում են ավելի 390 հազար քաղաքացիներ: «Մարտահրավերն այն է, որ ոչ բոլոր բանկերն են միացել կառավարության այս ծրագրին: Քաղաքացիները հնարավորություն ունեն միանալ այն բանկին, որը միացած է ծրագրին»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով բանկոմատների, POS տերմինալների ոչ մեծ քանակին՝ նա ասաց. «POS տերմինալների ծածկույթի մեծացումը նույնպես կառավարության գերակա քաղաքականության համատեքստում պետք է դիտարկել: Եվ ՊԵԿ-ը, և ԿԲ-ն ունեն հստակ ծրագիր՝ մեծացնելու POS տերմինալների կիրառելիությունը նաև տարբեր համայնքներում: Ժամանակի ընթացքում ծածկույթը հնարավորինս մեծանալու է: Այս պահին ոչ բոլոր թոշակառուներն են քարտերով ստանում, և ոչ բոլոր համայնքներում կա, բայց զուգահեռ քաղաքականությունն այնպես է տարվում,որ ծածկույթը մեծանա»,-ասաց նա:

1050