Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը արեց մի շարք հայտարարություններ, որոնք ադրբեջանական լրատվականները, ինչպես նաև Հայաստանում ոմանք համարեցին Մոսկվայի կողմից սպառնալիք Հայաստանին։
Ինչ է ասել Վոլոդինը.
«Պետք է ելնել նրանից, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ընդունված որոշում կա։ Մենք սրանով ենք առաջնորդվելու և մեր կողմից անելու ենք ամեն ինչ, որ այդ պայմանավորվածություններն իրագործվեն։ Իսկ նրանք, ովքեր հայտարարություններ են անում եվրոպական ինստիտուտների ներգրավման օգտին, կարող են պարզապես կորցնել երկիրը»։
Նման հայտարարությունից հետո Վոլոդինը բերել է Ուկրաինայի, Հարավսլավիայի օրինակը։
«Նախքան Եվրախորհրդարանին դիմելը և այս մարմնին ինչ-ինչ հարցերի լուծմանը ներգրավելը, մենք պետք է պատասխանենք հարցին՝ արդյոք ընդհանուր առմամբ, Եվրախորհրդարանի՝ ԵԽԽՎ-ի մասնակցությամբ ինչ-որ սուր հարց կամ կոնֆլիկտային իրավիճակ լուծվե՞լ է։ Նման օրինակ չկա։ Տեսեք, թե ինչ կատարվեց Ուկրաինայում, ինչ հայտարարություններ արեցին Գերմանիայի կանցլեր Մերկելը, իսկ հետո Ֆրանսիայի նախագահ Օլանդը։ Ինչպես այժմ է երևում, նրանք հիմարեցրեցին ամբողջ աշխարհին, նրանք խաբեցին, նրանք ստեցին, իրենք էլ պատրաստվեցին պատերազմի։
Որտե՞ղ է այժմ Ուկրաինան։ Այսօր ուկրաինացիները հանձնելու նյութ են, մի երկիր, որը պարզապես լցոնված է զենքով։ Հսկայական թվով մարդիկ են մահանում, կորել է պետականությունը, կորել է մշակույթը, ոտնահարվել է կրոնը, մասնատվել է եկեղեցին, առաջարկվող լեզուն անգլերենն է՝ ազգամիջյան հաղորդակցության համար։ Արդյունքը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների գաղութ»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։
«Ինչպես Միացյալ Նահանգները, բարի կամքի և օգնելու ցանկության քողի տակ, ամեն ինչ հասցրեց Հարավսլավիայի կործանմանը: Ի դեպ, երբ խաղաղ Բելգրադը ռմբակոծվեց, ոչ մի Եվրախորհրդարան կամ ԵԽԽՎ չմիջամտեց այս իրավիճակին։ Հետևաբար, ցանկանալով ներգրավել Եվրախորհրդարանին և ԵԽԽՎ-ին, մենք պետք է 10 անգամ մտածենք և կշռադատենք, թե դա ինչպես կարող է ավարտվել՝ օգտագործելով Ուկրաինայի, Հարավսլավիայի և այլ երկրների օրինակը»,- շեշտել է Վյաչեսլավ Վոլոդինը։
Տրամաբանությունը ինչ-որ տեղ սա տանում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայելու որոշմանը, սակայն «Կուժ քեզ ասեմ, կուլա դու լսիր» ասացվածքը բավականին տեղին է այստեղ։ Սակայն Ադրբեջանը ինչպես միշտ իրեն դնում է խուլ ու համրի տեղ։ Նման ոգևորությունը Ռուսաստանի Պետդումայի ղեկավարի ասածից անհասկանալի է, չգիտես ինչու ինքը՝ Ադրբեջանը, մոռանում է Ուկրաինային գազտնի զենք մատակարարելը, Եվրոպայի հետ իր ջերմ գազային հարաբերությունները։ Ինչո՞ւ այս երկրի վերնախավը չի մտածում, որ Ռուսաստանին գուցե նաև սա է բարկացրել, որ նա խոսում է երկիրը կորցնելու մասին։
Զենք վաճառելու բացահայտումները դեռ բավականին թարմ են․ փետրվարի սկզբին «Ռազմական տեղեկատու» Telegram-ալիքը ներկայացրեց Ադրբեջանից Ուկրաինա զենքի մատակարարումների հերթական ապացույցը։
«Այս անգամ կադրում են հայտնվել ադրբեջանական 120 մմ տրամաչափի 40M11 ականներ, որոնք արտադրվել են 2022 թվականին։ Անհնար է Ուկրաինայի զինված ուժերի ձեռքում դրանց հայտնվելը երրորդ երկրներից պարզ վերաարտահանմամբ բացատրել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ուկրաինական բանակի զինանոցում բազմիցս նկատվել են ադրբեջանական արտադրության 82 մմ 20N5 ականանետներ, տեղեկություններ են հայտնվել նաեւ Ուկրաինա ադրբեջանական QFAB-250 LG շտկվող ռումբերի հնարավոր մատակարարումների մասին»,- գրել է հեռուստաալիքը եւ լուսանկար հրապարակել։
Այսինքն՝ Ադրբեջանը, որը զենք է վաճառում Ուկրաինային, որով սպանվում են ռուս զինվորները, մտածում է, որ Ռուսաստանի համար ավելի մեծ խնդիր են եվրոպացի դիտորդները Հայաստանում, քան սեփական երկրի անվտանգությունը։
Ադրբեջանը նաև մոռացել է, որ ինքն այն երկրներից է, որ իր վրա է վերցրել Եվրոպան «տաքացնելու» պարտավորությունը։ Դեռ ամռանը Իլհամ Ալիևը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը լայն ժպիտով ստորագրեցին պայմանագիր, ըստ որի՝ ԵՄ-ն մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները։
«ԵՄ-ն շրջվում է էներգակիրների ավելի վստահելի մատակարարների կողմը։ Էներգակիրների անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանը մեր առանցքային գործընկերը կդառնա», - պնդել է Ֆոն դեր Լայենը։
Սա Եվրոպական հանձնաժողովի նախագահի խոսքերն են։ Գազային պայմանագիրը Ալիևյան կլանի համար երազանքի նման մի բան էր, որը մոտեցավ իր իրականացմանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով․ Ռուսաստանի նման սահմանափակումները առաջինը ուրախացնում են հենց Ադրբեջանին, որն այժմ փորձում է Եվրամիության վստահելի գործընկեր խաղալ, բայց չգիտես ինչու Վոլոդինի խոսքերը կապում է Հայաստանի հետ։ Ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա 2022 թվականին աճել են 40 տոկոսով։
Իսկ գուցե խոշորացույցի տակ դնեն Վոլոդինի խոսքերը ու հասկանան տողատակերը։
Իսկ Վոլոդինի բերած Հարավսլավիայի օրինակը Ադրբեջանի համար ևս մեկ ակնարկ թող լինի, որ երկիր չունենալու վտանգը ավելի շատ իրեն է սպառնում, քան Հայաստանին։ Ադրբեջանը այդքան էլ չի սիրում և չի ընկալում պատմությունը, սակայն պետք է հիշել, որ Հարավսլավիան փլուզվեց էթնիկ խնդիրների պատճառով։ Այս ամենը Ադրբեջանին թող հիշեցնի, որ էթնիկ խնդիրները դժվար թե աշխարհի ամենամիատարր երկրներից մեկի՝ Հայաստանի համար սպառնալիք լինեն, որոնցից օգտվեն այլ երկրներ, իսկ Ադրբեջանի համար սա իրոք սպառնալիք է․ Ադրբեջանը իրեն հորջորջում է բազմաէթնիկ երկիր, ուր պահպանվում են բոլոր փոքրամասնությունների իրավունքները, սակայն իրականությունն այլ է։ Բազմաթիվ ճնշումներով Ադրբեջանը փորձում է իր կազմում պահել այս բնիկ ազգերին, որոնք ակտիվանում են՝ կապված իրենց անկախանալու բնական ցանկության իրացման հետ: Ու ինչքան էլ Ալիևը փորձում է բռնաճնշումներով քող ստեղծել, որ երկրում ամեն ինչ լավ է, սակայն այդ ամենը վաղ թե ուշ բերելու է մասնատման․ Հարավսլավիան էլ այդքան վատ օրինակ չէ։
Լեզգիներ, ավարներ, թալիշներ, թաթեր․․․ սրանք Ադրբեջանում ապրող էթնիկ խմբերն են, որոնք փորձում են անկախանալ, իսկ ցանկացած պահի արտաքին ուժերը հենց նրանց կարող են օգնել անկախանալ՝ բերելով Ադրբեջանի մասնատմանը, այնուհետև չլինելուն։ Իզուր չէին այն պատերազմի ժամանակ Ադրբեջանի լեզգիները և թալիշները կոչ անում՝ չմասնակցել հայ-ադրբեջանական պատերազմին․ սա այն փաստերից է, որ այս խմբերը բնավ էլ չեն ցանկանա երկար մնալ Ադրբեջանի կազմում, որպես փոքրամասնություն։
Ուստի ճիշտ կլինի, որ Ադրբեջանը Վոլոդինի խոսքերը ևս մեկ անգամ վերլուծի, համեմատի, պատմության էջերը թերթի, իսկ եթե ժամանակ չունի դրա համար, ամեն դեպքում չմոռանա Ուկրաինային վաճառած զենքի և Եվրոպային հասցրած գազի գումարները ճիշտ հաշվել։