Հունիսի 13-14-ը Երևանում կանցկացվի «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովը։
Երկօրյա համաժողովը տեղի կունենա Երևանի պետական համալսարանում՝ շուրջ 200 պատվիրակի մասնակցությամբ:
Բացմանը ներկա կլինեն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը, ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլյևսկին, ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին, ՀՀ և ՌԴ բուհերի և գիտական կազմակերպությունների, կառավարման և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ։
Համաժողովի աշխատանքները կանցկացվեն լիագումար և նստաշրջանների ձևաչափով հետևյալ թեմաներով՝ «Գիտության ոլորտում համագործակցության առաջնահերթ ոլորտներ», «Կրթությունը՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի միջև կայուն համագործակցության գործոն», «Միջին մասնագիտական կրթության համակարգի զարգացում. երկկողմ համագործակցության նոր հնարավորությունները», «Նորարարական համագործակցությունը՝ որպես տնտեսության արդիականացման գործոն», «Ռուսաստանի Դաշնության տարածքում հայոց լեզվի ուսումնասիրման և Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաց լեզվի ուսումնասիրման համար բարենպաստ պայմանների ստեղծում», «Ռուսաստանի և Հայաստանի միջև գիտական համագործակցության վեկտորները՝ Ռուսաստանի գիտության տեղեկատվական կենտրոնի և ՀՀ գիտության կոմիտեի փորձի օրինակով»:
«Գիտության, կրթության և արտադրության ինտեգրում՝ տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովն առաջին երկկողմ միջոցառումն է՝ երկու երկրների առաջատար բուհերի և գիտական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցության ձևաչափով։ Համաժողովը միտված է նպաստելու երկու երկրների բուհերի միջև գիտակրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը։
Հայ-ռուսական համաժողովը կրթության և գիտության ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված Ռուսաստանի ռեկտորների միության պլանավորած աշխատանքների մի մասն է: 2000 թվականից ի վեր՝ Ռուսաստանի ռեկտորների միության հովանու ներքո անցկացվել է ավելի քան 80 համաժողով՝ Ռուսաստանի և արտասահմանյան բուհերի ավելի քան 6000 ռեկտորի մասնակցությամբ։
Համաժողովի շրջանակում հյուրերը կայցելեն Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)։