Ինչպես արդեն տեղեկացրել էինք, կյանքի 67-րդ տարում մահացել է դերասան Սամվել Սարգսյանը: StarNews-ը առանձնացրել և ներկայացնում է Սամվել Սարգսյանի վերջին տարիների հարցազրույցների այն հատվածները, որոնք ամբողջությամբ կբացահայտեն նրա մարդ և դերասան տեսակը։

«Երբ ինձ առաջարկեցին նկարահանվել «Կյանքի գինը» սերիալում, ես Ամերիկայից նոր էի վերադարձել: Ի դեպ, ինձ հրավիրելուց առաջ չեն ճանաչել, չեն իմացել, որ այդպիսի դերասան կա: Դե, մարդիկ թատրոն չեն գնացել, որովհետև ես հո երե՞կ չեմ հայտնվել: «Մեր մանկության տանգոն» 100 տարի առաջ է եղել, իմ առաջին լուրջ ֆիլմն է: Երբ Գյումրիի երկրաշարժից հետո վերադարձա՝ Սունդուկյան թատրոնում աշխատեցի, միշտ գլխավոր կերպարներում եմ եղել: Թեկուզ մեկ դերով, բայց դրամատիկ թատրոնում էլ եմ խաղացել: Ես Հրաչյա Ղափլանյանի կուրսն եմ ավարտել, իր աշակերտն եմ եղել: Հո սերիալների՞ց չեմ ծնվել»,- Սամվել Սարգսյանը իր բոլոր հարցազրույցների ընթացքում կարմիր թելով անցկացնում էր այս միտքը՝ իրեն չեն ճանաչել մինչ սերիալները ու դա ցավալի է, ինչ-որ տեղ նաև՝ վիրավորական։

Սամվել Սարգսյանն այդպես էլ որևէ կոչում չստացավ, չնայած որ նշում էր՝ երբեք էլ լուրջ չի վերաբերվել դրան.

«Երբ տեսնում եմ, թե ովքե՞ր կոչումներ ունեն, ես չեմ ցանկանում ունենալ: Եվ հետո, եթե դու «ժողովրդական դերասան» ես կոչվում, ապա առաջարկում եմ՝ արի դուրս գանք քաղաք, քայլենք ժողովրդի միջով ու տեսնենք, թե ո՞վ է մեզանից «ժողովրդականը»: Չէ՞ որ ժողովրդականը նա է, ում ժողովուրդը սիրում է, ճանաչում: Ինձ ամեն քայլի են մոտենում ու ասում՝ մենք Ձեզ շատ ենք սիրում: Ես էլ ասում եմ՝ իսկ դուք չեք պատկերացնի, թե ես ինչքան եմ Ձեզ սիրում: Այ, ես սա եմ պատկերացնում՝ ժողովրդական ասելով, և ոչ թե այն, որ կյանքի նպատակ են դնում՝ լինի փողով, խնդրելով, թե ծանոթով՝ այդ «թղթային տիտղոսը» ձեռք բերել: Հաճախ էլ աում են՝ տվեք էլի, արդեն մեր «վախտնա»: Ինչի դա «վախտովա՞»: Ինձ որ մնար, Ձեզ ընդհանրապես թատրոն չէի թողնի»։

Ամերիկայում մշտական բնակության իրավունք ունեցող դերասանն ասում էր, որ ոչ մի տեղ ինքն իրեն այնքան լավ չի զգում, որքան Հայաստանում և անդրադառնալով հարցին, որ Ամերիկայում մարդիկ ապահով են, հատկապես ծերերը, նշել էր.

«Նկատի ունեք ծերերի մանկապարտեզնե՞րը: Եղել եմ էդպիսի տեղ, ի՞նչ կա, տխուր ժպիտով մարդիկ, քեզ թվում ա` լավ տեղ է՞։ Հայաստանի ծերանոցներից մեկում նկարահանվել եմ: Ահավոր տեղ էր` անտեր պառավներին տեսա, լացս եկավ, դուրս եկա, լացեցի, նորից ներս մտա»:

Սամվել Սարգսյանն ամուսնացած է եղել երեք անգամ։ Երկրորդ կինն ու որդին մահացել են 1988 թվականին Գյումրու ավերիչ երկրաշարժի հետևանքով.

«Երկրորդ կնոջիցս տղա ունեցա, բայց իրենք երկրաշարժի ժամանակ զոհվեցին։ Լենինականի տանս մեջ ամեն ինչ իմ ձեռքով էի սարքել, իմ ճաշակով»: Տունը հեչ, կինս ու երեխես էլ երկրաշարժի ժամանակ տանն էին։ 7 տարեկան էր, պիտի տանը չլինեին, տղաս կարմրուկով էր հիվանդացել, դպրոց չէր գնացել, մայրն էլ գործի չէր գնացել, խնամում էր… ճակատագիր ա ինչ ա, ինչ որ ա` վատ ա»։

Դերասանը նաև որդի և դուստր ուներ ու հպարտությամբ էր խոսում նրանց մասին.

«Թոռ էլ ունեմ… Տղաս բավական մեծ է, առաջին անգամ շատ երիտասարդ տարիքում եմ ամուսնացել: Այդ աղջիկը թիֆլիսահայ էր, երաժիշտ: Հետո ես մեկնեցի Լենինական ու մենք բաժանվեցինք: Բայց տղայիս միշտ էլ «տիրություն» եմ արել, նա այստեղ՝ Երևանում է ծնվել: Ժամանակին ուղարկեցի, Ռուսաստանի բարձրագույն զինվորական ակադեմիայում սովորեց, հիմա էլ զինվորական է, բավական լուրջ զինվորական: Շատ ուժեղ, պինդ տղա է։ Դուստրս լեզուների մասնագետ է, 4-5 լեզու գիտի: Ինքն էլ արվեստի ճանապարհով չգնաց, չնայած իր մորական պապն էլ էր դերասան՝ Սոս Սարգսյանն էր»։

Սամվել Սարգսյանի ճակատագիրն էր մենակությունը ու միաժամանակ նրա ամենաթույլ կողմը.

«Ո՞վ է ուզում այս կյանքում մենակ մնալ, այդ ի՞նչ մի հաճելի բան է: Քի՞չ դերասաններ, ռեժիսորներ, նկարիչներ կան, որ ընտանիք ունեն, երեխաներ, երկար տարիներ միասին ապրում են: Եթե իրենց կյանքում ամեն ինչ ճիշտ է, պարզ չի՞, որ դա՝ ընտանիք ունենալն է ճիշտն ու հաճելին, լավը: Թե չէ, որ ասում են դերասաններն ուզում են մենակ մնալ, որովհետև մտածում են՝ դա՞ ինչ բան է: Գնա գործիդ տեղն ու ինչքան սիրտդ տալիս է՝ մտածիր»։

2009