Փոքրիկներ Արտյոմն ու Արմանը Շուշիի վերջին քաղաքապետի` Արծվիկ Սարգսյանի առաջին թոռնիկներն են:

Փոքրիկների հայրը պատմում է` 44-օրյա պատերազմից և Շուշին կորցնելուց հետո տեղափոխվեցին Երևան, բայց հայրենի հողի կանչին չդիմանալով` ամիսներ անց դարձյալ հետ վերադարձան Արցախ` բնակություն հաստատելով Ստեփանակերտում:

Արդյունքում երկու անգամ կորցրին հայրենիքն ու ստիպված եղան դարձյալ բռնի տեղահանվել սեփական տնից:

Այդուհանդերդձ, 25-ամյա զույգերը` Արա և Մերի Սարգսյանները շարունակում են ժպտալ` թաքցնելով հուզմունքը և վստահեցնում` իրենց որդիներն առավել ուժեղ կգտնվեն և մի օր կվերադառնան հայրենիք:

Գաղթի ճանապարհը հեշտ չի եղել, զույգը պատմում է, որ գրեթե 19 ժամ ճանապարհ են եկել, ողջ ընթացքում կինը ցավերի մեջ է եղել և ուղիղ կապ պահել «Շենգավիթ» ԲԿ գլխավոր բժշկի տեղակալ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանի հետ, ով արդեն ավելի ուշ կեսարյան հատման միջոցով օգնեց լույս աշխարհ գալ փոքրիկնրին:

Չնայած 9 ամիսների թերսնուցմանը, բայց փոքրիկները ծնվել են հասուն քաշով` 2850գ. և 3350գ.: Նրանց առաջին բժիշկ նեոնատոլոգ Արթուր Ջանազյանի վստահեցմամբ` Արտյոմն ու Արմանն իրենց հրաշալի են զգում:

Պատերազմող երկրներում երազանքներ չեն լինում` ասում է փոքրիկների հայրը` հույս հայտնելով, որ որդիները պատերազմներ չեն տեսնի:

Փոքրիկներն ու մայրիկն իրենց հրաշալի են զգում, և արդեն գնացել են իրենց նոր տուն` անցյալի հուշերով նոր կյանք ստեղծելու:

733