
Անկարան սպասում է ամերիկյան F-16 կործանիչների գնման գործընթացի ավարտին, իսկ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության վերջնական որոշումը մնում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Ստամբուլում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ։
Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում հանգամանորեն քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Ֆիդանը և Բլինքենը մտքեր են փոխանակել նաև Գազայի հատվածում շարունակվող մարդկային ողբերգության վերաբերյալ։
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Իսրայելի աճող ագրեսիան վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար։ Նա նշել է Գազայում շուտափույթ զինադադարի և պաղեստինյան էքսկլավին մարդասիրական օգնության անխափան առաքման կարևորությունը։ Ֆիդանը կոչ է արել հնարավորինս շուտ սկսել բանակցությունները՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը երկու պետություններով լուծելու համար:
Թուրք նախարարն անդրադարձել է նաև Ռուսաստանից և Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքները համաշխարհային շուկաներ տեղափոխելու Թուրքիայի ջանքերին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին, Սիրիայում և Իրաքում տիրող իրավիճակին։