Մենք մեր ռազմավարության հիմքում դնում ենք պետականությունը, անկախությունը, ինքնշխանությունը և պիտի արձանագրենք, որ պետությունը բոլորովին ուրիշ մտածողություն է, մշակույթ և հայեցակետ է․ պիտի ուժ ունենանք խոստովանելու և առերեսվելու, որ այդ մտածողությունը միշտ չէ և ամենուր չէ հասանելի մեզ։ Այս մասին Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետը, խոսելով «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու նախագծից։

«Մենք հիմա փորձում ենք բարձրանալ  դեպի պետական ընկալման աշտարակ, որտեղից աշխարհը և կյանքը երևում է բոլորովին այլ կերպ»,- ասաց վարչապետը։ Նրա խոսքով՝ հարցը միայն  առարկայի անունը փոխելու մեջ չէ։

Փաշինյանի խոսքով՝ կարևորը կրթության համատեքստն է, որը կենտրոնում չունի պետությունը․ «Եվ եթե մենք ուզում ենք, որ պետության ուժեղացման, կայացման ու պետության հարատևման ապահովման պրոցեսները տեղի ունենան՝ մենք պետք է խնդրի լուծումը գտնենք այդ թվում և առաջին հերթին կրթության ոլորտում»,- ասաց նա, կրկին ընդծելով՝ Հայաստանի պատմությունը պետության գոյության զարգացման պատմությունն է՝ պետության չգոյության դրվագներով, իսկ Հայոց պատմությունը պետության չգոյության պատմությունն է՝ պետության գոյության դրվագներով։

Նա հավելեց՝ Հայոց պատմության տրամաբանության մեջ կարող է պարզվի մենք ուրիշ պետությունների ավելի շատ ենք անդրադառնում, քան մեր պետություններին։

Այսպիսով՝ «Հայոց պատմություն» առարկայի անվանումը փոխվեց՝ վերանվանվելով «Հայաստանի պատմություն»․ 

Որոշման հիմնավորման մեջ նշվում է․ «Պատմության ուսուցանումը առաջին հերթին պիտի միտված լինի ժամանակակից Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության դիրքից պատմական իրադարձությունների վերլուծությանն ու ներկայացմանը։ Այսպիսով, պատմության ուսուցանման միջոցով ՀՀ գոյությունը կներկայացվի պատմական իրադարձությունների և գործընթացների տրամաբանական շղթայի ներքո՝ նախորդող շրջանում տարբեր ձևաչափերով հայկական պետության գոյության ժամանակահատվածներում շեշտադրելով պետության գաղափարի կարևորությունը և պետականության ներքին ավանդույթը, պետության չգոյության ժամանակահատվածներում շեշտադրելով նման պետության ձևավորմանը միտված հանրային քայլերն ու ջանքերը»։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ամփոփելով նախագծի վերաբերյալ հանրային քննարկումը, հայտարարեց, որ դասագրքի ամբողջ բովանդակությունը մնալու է ծրագրի մաս, փոխվելու է դեպքերի, իրողությունները ներկայացման ձևը։

«Սա սկիզբն է, սրան պետք է հետևեն համապատասխան ուսումնական նյութերի, դասագրքերի վերանայման աշխատանքները, որ այս փոփոխությունը լինի ոչ թե պիտակի, անվան մասին, այլ լինի իրական բովանդակություն»,- ասաց Անդրեասյանը։

 

925