Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
«Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 49.560 քաղաքացի։
Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Անհրաժեշտ է ծանուցվել էլեկտրոնային փոստի հաստատումով, որպեսզի վճարման ենթակա տուգանքի գումարը ավտոմատ նվազի 20 տոկոսով:
Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։
Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեր տրանսպորտային միջոցների տվյալները։
Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլ. փոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլ. փոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։
Էլ. փոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։
Հաջորդիվ մուտք եք գործում էլ. փոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կրկին կհայտնվեք roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։
Հարգելի՛ քաղաքացիներ, օգտագործե՛ք թվային լուծումները՝ տուգանքը 20 տոկոսով նվազեցնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։