Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կայացել է հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվել էր Հայաստանի և Ֆրանսիայի կողմից համատեղ՝ որպես համապատասխանաբար COP-17-ի և ՄԱԿ Օվկիանոսի հարցերով համաժողովի հյուրընկալող երկրներ։

 

Միջոցառմանը ներկա է եղել Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովին մասնակցող ՀՀ պատվիրակության ղեկավար, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

Նախարար Միրզոյան. «Սա այն բազմաթիվ առիթներից մեկն է, երբ Հայաստանը և Ֆրանսիան միավորում են իրենց ուժերը՝ ապահովելու, որ գլոբալ բնապահպանական օրակարգը մնա մեր միջազգային ջանքերի առաջնագծում, և մենք համատեղ առաջ ենք տանում այնպիսի մարտահարվերների հասցեագրումը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, աղտոտումը և այլ խնդիրներ, որոնք ներկայիս սերնդին հասցրել են մոլորակի մակարդակով ճգնաժամի եզրին:

 

Հայաստանում կայանալիք COP-17-ը կդառնա կարևոր հանգրվան: Այն կհամախմբի կոնվենցիայի կողմերին, կառավարություններին, հանրային և մասնավոր շահագրգիռ կողմերին, բնիկ ժողովուրդներին և տեղական համայնքներին՝ գլոբալ վերանայման համար՝ գնահատելու մեր կոլեկտիվ և անհատական ձեռքբերումները «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման գործում: Ես այստեղ օգտագործում եմ «ձեռքբերումներ» բառը, բայց մենք բոլորս հասկանում ենք, որ բացի ձեռքբերումներից, այս վերանայումը կօգնի մեզ գնահատել և բացահայտել բացթողումները, թերությունները և կարիքները, ինչպես նաև անել հնարավորը՝ մշակելու ամենաարդյունավետ և համապարփակ լուծումները, որոնք կօգնեն մեզ հավատարիմ մնալ կենսաբազմազանության մեր հանձնառություններին՝ միաժամանակ ապահովելով կայուն զարգացման նպատակների իրագործումը»:

Հաջորդիվ կայացել է բարձր մակարդակի պանելային քննարկում, որին մասնակցել են.

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերը,

ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիման,

Ֆրանսիայի շրջակա միջավայրի դեսպան, էկոլոգիական անցման նախկին նախարար Բարբարա Պոմպիլին,

Նորվեգիայի Կլիմայի և շրջակա միջավայրի նախարարության գլխավոր բանակցող Գաութե Հանսենը, ինչպես նաև

ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, COP-17-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Համբարձում Մաթևոսյանը։

Եզրափակիչ խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիոսողոմոնյանը՝ ամփոփելով միջոցառման արդյունքները և շնորհակալություն հայտնելով մասնակիցների ակտիվ ներգրավվածության համար: Իր խոսքում նախարարի տեղակալը կարևորել է տարբեր էկոհամակարգերի միջև կապը և կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների ինտեգրումն ընդհանուր համայնապատկերում, ինչպես նաև այդ գործողությունների իրականացման ընթացքում առավել համապարփակ հայեցակարգ ունենալու անհրաժեշտությունը:

240