Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Արագածոտնի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում, քրեական վարույթներով վերականգնվել է պետությանը և համայնքին պատճառված՝ շուրջ 30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 11 միլիոն 670 հազար դրամի վնաս, ինչպես նաև պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորությունների շրջանակում՝ Հակակոռուպցիոն դատարան ներկայացված հայցադիմումի հիման վրա, համայնքին է վերադարձվել 31 միլիոն 680 հազար դրամ արժողությամբ 1 անշարժ գույք։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Մասնավորապես՝  Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունվարի 13-ի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության 4 հա մակերեսով հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 31 միլիոն 680 հազար դրամ է: 

Հիշեցնենք, որ Դատախազությունը պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցով պահանջել էր անվավեր ճանաչել Օրգով համայնքի նախկին ղեկավարի կողմից օրենքի խախտմամբ իր որդուն 4 հա մակերեսով հողամասն օտարելու վերաբերյալ՝ 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդը: Հայցի բավարարման արդյունքում՝ «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակության հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը:

136