
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Օգոստոսի 2-5-ը ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել խոտածածկ և բուսածածկ տարածքներում բռնկված շուրջ 10 հա և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Ահազանգերն արձանագրվել են մասնավորապես Արագածոտնի մարզի Լեռնարոտ, Գեղարքունիքի մարզի Արտանիշ, Սյունիքի մարզի Օխտար, Կոտայքի մարզի Ջրաբեր բնակավայրերում և Հրազդան քաղաքում:
«Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչությունների, ինչպես հերթապահ, այնպես էլ ազատ հերթափոխից հրշեջ-փրկարարներ, ովքեր օպերատիվորեն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ձեռնարկելով հրդեհաշիջման արդյունավետ և նպատակաուղղված գործողություններ, ինչի արդյունքում էլ հրդեհներն ամբողջությամբ մարվել են։
Հրշեջ-փրկարարների հմուտ և օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հրդեհների տարածումը դեպի հարակից բնակավայրեր և անտառային հատվածներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են նաև Ոստիկանության պարեկային, էկոպարեկային ծառայությունների ներկայացուցիչներ և քաղաքացիներ։
Երկրում առկա բարձր հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ ՆԳՆ Փրկարար ծառայությունը հորդորում է խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հատկապես անտառամերձ հատվածներում և հանգստյան գոտիներում։
Զգուշությունն ու պատասխանատվությունը կրակի դեմ պայքարում առավել քան երբևէ կարևոր են»,- ասված է ՆԳՆ ՓԾ-ի տարածած հաղորդագրությունում: