
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։
Նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։
Դեսպան Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ-ը բարձր է գնահատում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունները։ Նա ընդգծել է ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև առկա արդյունավետ համագործակցությունը։
Կողմերը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները, ինչը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության նոր ուղղությունների հիմք է դարձել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր ուղղություններն ու համատեղ ծրագրերը, այդ թվում՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության,
Ոստիկանության Գվարդիայի և ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված միջոցառումները։
Կողմերն անդրադարձել են նաև կիբեռլաբորատորիայի ստեղծման, Ոստիկանության Գվարդիայի ծառայողների վերապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։