
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց «Աղետների նկատմամբ դիմակայուն ենթակառուցվածքի կոալիցիայի» կանոնադրությունը վավերացնելու մասին օրենքի նախագծին: Նախագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը:
«Կոալիցիան գլոբալ գործընկերություն է, որի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային համակարգերի դիմակայունությունը կլիմայի փոփոխության և աղետների ռիսկերի կառավարման հանդեպ»,-ասաց Ղազարյանը:
Այդ պլատֆորմը նախաձեռնել է Հնդկաստանը: Այն ունի 40 անդամ պետություն, մի շարք միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպություններ, որոնց թվում են ՄԱԶԾ-ն, Համաշխարհային բանկը, Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գրասենյակը, ԵՄ-ն և այլն:
«Հիմնական նպատակը տեխնիկական աջակցության, հետազոտությունների և կարողությունների զարգացման մեջ է: Ուստի, անհրաժեշտ է միանալ այս պլատֆորմին՝ միջազգային լավագույն փորձը տեղայնացնելու նպատակով: Համագործակցությունը հիմնականում 3 ուղղություններով է՝ տեխնիկական աջակցություն, հետազոտություններ և համատեղ դասընթացների ու գործողությունների միջոցով կարողությունների զարգացում»,-ասաց փոխնախարարը: