Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանն ու նման բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթին: Նախագծերի փաթեթի ընդունման նպատակն է բարձրացնել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության արդյունավետությունը և ապահովել դեպքերի առավել զոհակենտրոն քննություն։ Այս մասին ասել է Զարուհի Բաթոյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 26-ի արտահերթ նիստում։

Առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Այն հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վարդանյանը։

Ծավալուն օրենսդրական փաթեթը զեկուցողը ներկայացրել է հիմնական կետերով։ Փաթեթի քննարկումը հոկտեմբերի 1-ին հետաձգվել էր լրամշակման նպատակով․ այն նախապես քննարկվել էր աշխատանքային հանդիպումների ընթացքում։

Նախագծերի լրամշակված փաթեթով առաջարկվում է վերացնել նախազգուշացումը՝ որպես պաշտպանության միջոցի տեսակ՝ նկատի ունենալով, որ այն չի ենթադրում գործուն և արդյունավետ պաշտպանական միջոցառումների իրականացում, սահմանափակումների կիրառում, այլ ենթադրում է բռնություն գործադրած անձի նախազգուշացում ոստիկանության ծառայողի կողմից։ Լրամշակված տարբերակով նախատեսվում է, որ նախազգուշացման փոխարեն կիրականացվի կանխարգելիչ հաշվառում բռնություն գործադրած անձի վերաբերյալ, և նա դուրս չի մնա ոստիկանության և իրավապահ մարմինների ուշադրությունից միայն այն պատճառով, որ նրա նկատմամբ նախազգուշացում չի կիրառվի։

Առաջարկվում է բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելը դարձնել պարտադիր բոլոր պայմաններում, ոչ միայն պաշտպանական որոշման, այլ նաև անհետաձգելի միջամտության որոշման կայացման պարագայում։ Նախատեսվում է, որ անհետաձգելի միջամտության որոշումը կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ ընտանիքի անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ նկատմամբ վերջին մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ բռնություն է կիրառվել։ Հստակեցվում է, որ անհետաձգելի միջամտության որոշման բացակայությունը կամ դրա ուժի մեջ մտնելը չի բացառում պաշտպանական որոշման համար դիմելու հնարավորությունը։ Այս կետերից բացի, լրամշակվել են փաթեթի շատ այլ դրույթներ։

Հեղինակների առաջարկով օրենսդրական փաթեթը համալրվել է երկու այլ նախագծերով։

Պատգամավոր Քնարիկ Հարությունյանը հետաքրքրվել է՝ ի՞նչ է փոխվելու բռնության ենթարկված որևէ անձի կյանքում այս օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում, ինչին ի պատասխան Զարուհի Բաթոյանը նշել է, որ պաշտպանական միջոցներից վերացվում է նախազգուշացման վերաբերյալ դրույթը՝ նկատի ունենալով դրա անարդյունավետությունը, խստացվում են ընտանեկան և կենցաղային բռնության համար սահմանված պատժի սահմանաչափերը, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքով։ «Նախագծով սահմանվում է, որ կգործի մեկ միասնական պետական թեժ գիծ, որի պարագայում օգնության դիմելու հնարավորությունը շատ ավելի հեշտ կլինի»,- ասել է Զարուհի Բաթոյանը՝ հավելելով, որ այժմ գործում են մի քանի թեժ գծեր։

Ի պատասխան պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հարցի՝ Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ 2020 թվականից ՀՀ կառավարությունը ֆինանսավորում է երկու ապաստարան։ Շուրջ 60 անձի համար պետական միջոցներ են հատկացվում։ Դրանք փակ տիպի ապաստարաններ են, որոնք ծառայություններ են մատուցում բռնության ենթարկված կանանց և նրանց խնամքի տակ գտնվող երեխաներին։ «Մենք այս նախագծով սահմանում ենք, որ միայն կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու դեպքում լինի տեղափոխություն ապաստարան։ Այսինքն՝ դա չի կարող պարզապես ցանկությամբ լինել»,- ասել է նախագծի համահեղինակը։ Նա հավելել է, որ ապաստարանների մասով աշխատանքները շարունակվում են՝ ՀԿ-ներին պատվիրակելու միջոցով։

Մտքերի փոխանակության ընթացքում Զարուհի Բաթոյանը հայտնել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեմ ուղղված աշխատանքներին ձեռնամուխ է եղել դեռևս 2017 թվականից, երբ դեռ պատգամավոր չէր։

ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հարակից զեկույցում ընդգծել է օրենսդրական նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից նախաձեռնվել է լայնածավալ արշավ ընտանեկան բռնության թեմայով, և օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այդ նախաձեռնության շրջանակում։ «Կառավարությունը փորձել է հնարավորինս օժանդակել այս նախաձեռնությանը»,- շնորհակալություն հայտնելով փաթեթի հեղինակներին՝ ասել է ՆԳ նախարարը։ Արփինե Սարգսյանը հայտնել է, որ կառավարության կարծիքը փաթեթի վերաբերյալ դրական է, ներկայացված առաջարկները վերաբերել են փաթեթի կատարելագործմանը։ Մտքերի փոխանակության շրջանակում նախարարը հայտնել է, որ բռնության վերաբերյալ ոստիկանությանը կարող է հայտնել նաև ցանկացած այլ անձ։ Գործող օրենսդրությամբ բռնության մասին հաղորդում կարող է տալ միայն տուժած անձը։

Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Թագուհի Ղազարյանը դրական է գնահատել օրենսդրական նախաձեռնությունը և գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել։

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել էր հետաձգել փաթեթի քննարկումը, ինչը հանձնաժողովը չի ընդունել։

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել լրամշակված օրենսդրական նախաձեռնությանը։ Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում։

93