AraratNews.am-ը շարունակում է ուսանողների հետ հարցազրույցների շարքը, որի նպատակը կրթության ոլորտում առկա բացերի, ուսանողական կյանքի առանձնահատկությունների, ուսումնական գործընթացի առավելությունների ու թերությունների վերհանումն է:

AraratNews.am-ի թղթակցի զրուցակիցը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի շրջանավարտ (բակալավր), ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» կրթական ծրագրի մագիստրանտ Մարգո Զազյանն է:

Մարգո, ամեն տարի ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  համանուն բաժին ընդունելության հայտ է ներկայացնում միջինը 203 դիմորդ: Ինչ եք կարծում. մեր երկրին, առհասարակ, այդքան միջազգայնագետ հարկավո՞ր է:

Գիտեք, պարտադիր չէ, որ ընդունված բոլոր դիմորդներն ապագայում միջազգայնագետ դառնան։ Առհասարակ, մեր բաժնի կրթությունը հնարավորություն է տալիս ձեռք բերել հստակ կողմնորոշում, թե ինչ ուղղությամբ ես ցանկանում հետագայում զբաղվել՝ տնտեսագիտությամբ, լեզվաբանությամբ, պատմագիտությամբ, թե, օրինակ, իրավագիտությամբ։ Լինում են ուսանողներ, որոնք ի սկզբանե մտադրված են եղել դիվանագետ դառնալ, իսկ դրա հիմնական ճանապարհը դիվանագիտական դպրոց ընդունվելն է, որին մեր բաժնի ուսանողները պատրաստվում են չորս տարի և առանց խոչընդոտների ու բարդության հաջողում են դիվանագիտական դպրոցի ընդունելությունը։

Որպես ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժնի շրջանավարտ, ո՞ր ոլորտներում կկամենայիք աշխատել:

Արժևորելով ստացածս կրթությունը և այն ջանքերը, որոնք ներդրել և շարունակում եմ ներդնել ուսմանս մեջ՝ ինձ համար սկզբունքային է աշխատել այնպիսի ոլորտում, որը կնպաստի մեր պետության շահերին։ Ցավալի է, բայց միևնույն ժամանակ հասկանալի, որ երիտասարդները ձգտում են բարձր վարձատրվող աշխատանք ունենալ, իսկ, օրինակ, պետական համակարգում պետք է պատրաստ լինես տարիներով պայքարել ու հասնել դրան։ Ես պետական համակարգում սկսել եմ աշխատել դեռ երրորդ կուրսից և գրեթե մեկ տարի` հասարակական հիմունքներով։ Աշխատանքում կարևորն այն է, որ սիրես այն, ինչ անում ես և այն կդադարի աշխատանք լինելուց։

Մարգո, թերևս ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի  համանուն բաժնի առավելություններից մեկը մասնագիտական երկրորդ օտար լեզվի ուսուցումն է: Ի՞նչ սկզբունքով եք ընտրել Ձեր մասնագիտական երկրորդ օտար լեզուն: Ըստ Ձեզ, հայ միջազգայնագետի համար ո՞ր լեզվի իմացությունն է հատկապես կարևոր:

Իմ մասնագիտական երկրորդ լեզուն գերմաներենն է, որն ինձ համար որպես օտար լեզու չորրորդն է՝ ֆրանսերենից, ռուսերենից և անգլերենից հետո։ Մենք հնարավորություն չենք ունեցել ընտրել երկրորդ մասնագիտական լեզու և պատահական սկզբունքով ենք հայտնվել տարբեր խմբերում․ ուրախ եմ, որ մեր ֆակուլտետում այդ հարցն արդեն կարգավորվել է, և ուսանողներն իրենք են ընտրում, թե ինչ օտար լեզու սովորեն։ Միջազգայնագետի համար լեզվի իմացությունը միջոց է, գործիք` իր աշխատանքը լավագույնս կատարելու համար, և, կարծոմ եմ, որ լեզվի իմացությունն էլ  նախասիրություններից և հստակ մասնագիտացումներից պետք է բխի․ եթե դու, որպես միջազգայնագետ, ընտրել ես Հեռավորարևելյան ուղղությունը, ապա ենթադրվում է, որ պետք է կամ չինարեն, կամ ճապոներեն իմանաս։

Մի փոքր կխոսե՞ք «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի մասին: Ի՞նչ առաջնահերթ առարկաներ եք ուսումնասիրել, որոնք հատկապես կարևոր են համաշխարհային քաղաքականության նյուանսներն ընկալելու համար:

Համաշխարհային քաղաքականության մեջ դարերի ընթացքում ձևավորվել են այնպիսի դրույթներ, որոնցով պայմանավորվում են նաև աշխարհի քաղաքական, տնտեսական և մշակութային զարգացումները: Հայաստանի՝ որպես կայացող և զարգացող երկրի համար կարևոր է համաշխարհային քաղաքականության ուսումնասիրությունը։ «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանակներում մենք ուսումնասիրում ենք տարբեր տարածաշրջաններ, սովորում ենք վերլուծություններ կատարելու տարբեր մեթոդներ, որոնց կիրառումը մեզ հնարավորություն է տալիս կատարել կանխատեսումներ համաշխարհային քաղաքական գործընթացներում և հստակ գնահատականներ տալ այս կամ այն իրողությանը։

Որքա՞ն ժամանակ եք հատկացրել մասնագիտական անգլերենի յուրացմանը: Ի՞նչ խորհուրդներ կտաք Ձեր կրտսեր կոլեգաներին այս առումով:

Ինձ համար բավական բարդ է եղել մասնագիտական անգլերենի յուրացումը, քանի որ անգլերենն ինձ համար նոր լեզու էր, երբ ընդունվեցի համալսարան։ Ես այժմ էլ շարունակում եմ բարելավել մասնագիտական անգլերենիս իմացությունը, և, բնականաբար, այն պետք է լինի շարունակական։ Կրտսեր համալսարանականներին խորհուրդ կտամ չդադարել սովորել, չծուլանալ և հավատալ սեփական ուժերին։

Արդեն ընտրե՞լ եք մագիստրոսական թեզի թեման:

Այո, թեզի թեման ես անձամբ եմ առաջարկել՝ «Մասնավոր ուժային կառույցների դերն ու վարձկանության խնդիրը միջազգային հարաբերություններում»։ Թեմաս ընտրել եմ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում։

Հնարավո՞ր է արդյոք չեզոք միջազգայնագետ լինել: Անաչառ վերլուծության համար ի՞նչ որակներ պետք է ունենա անհատը:

Միջազգայնագետը պետք է և պարտավոր է լինել չեզոք։ Անաչառ վերլուծության համար երկաթե կամք ու անդրդվելի սկզբույնքայնություն է պետք ունենալ։

Ի՞նչ փոփոխություններ կկատարեիք Ձեր ֆակուլտետում, եթե նման հնարավորություն ունենայիք:

Կկրճատեմ ընդունելության տեղերը՝ թողնելով միայն 80-ը։ Դասերի կազմակերպումն էլ կկատարեմ ոչ թե 80 հոգանոց խմբերով՝ այլ 20-25, որոնք կբաժանվեն համաձայն նախասիրությունների։ Արդյունքում մենք կունենանք որակապես այլ, նոր միջազգայնագետների սերունդ։

 Օլյա Շահինյան

8384