2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված և մարզի տարբեր համայնքներում բնակության անցած արցախցիների խնդիրներին ծանոթանալու նպատակով ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցներն աշխատանքային այցով եղել են մարզում: Գեղարքունիքի մարզպետարանում նրանց հանդիպել են Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը:

Հանդիպման ընթացքում մարզպետի խորհրդականը անդրադարձել է մարզում բնակություն հաստատած արցախցիների խնդիրներին և դրանց լուծման հարցում ՀՀ կառավարության ու տարբեր միջազգային կազմակերպությունների հետ ձևավորված համագործակցությանը: Վերջիններս խոսել են նաև այդ ուղղությամբ ՄԱԿ-ի ՓԳՀ կողմից նախատեսվող ծրագրերի մասին:

«Մեր այցերի ընթացքում կփորձենք հասկանալ, թե Արցախից Գեղարքունիքի մարզ տեղափոխված ընտանիքները ո՞ր համայնքներում են ապրում, ի՞նչ հիմնական խնդիրներ ունեն, համայնքներում ի՞նչ ռեսուրսներ կան և որտե՞ղ կարող ենք մեր աջակցությունը ցուցաբերել:

Դրա հետ կապված՝ կայցելենք Գավառ, Մարտունի, Վարդենիս քաղաքային, նաև այն գյուղական համայնքներ, որտեղ արցախցիները տեղափոխվել են բնակության, հանդիպումներ կունենանք տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների և տվյալ համայնքներ տեղափոխված ընտանիքների հետ ծրագրեր իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ, կհասկանանք, թե ինչ աշխատանքներ են նրանց կողմից իրականացվում:

Մենք նախատեսել ենք այցելություններ կազմակերպել նաև տարբեր համայնքներում բնակություն հաստատած արցախցիների ընտանիքներին, որպեսզի տեսնենք, թե ինչպես են իրենք գնահատում իրենց վիճակը, ինչ լուծումներ են տեսնում այդ ուղղությամբ և ինչ նպատակներ ունեն»,- նշել է ՄԱԿ-ի ՓԳՀ իրավաբանական բաժնի պաշտոնյա Նաիրա Մարությանը:

Ինչպես նշել են ՄԱԿ-ի ՓԳՀ աշխատակիցները, արցախցի ընտանիքներին իրենց կողմից ցուցաբերվող աջակցությունը կլինի հոգեբանական, իրավաբանական, երեխաների կրթական զարգացման տեսքով: Դիտարկումների և քննարկումների արդյունքում կնախատեսեն իրականացնել նաև համայնքաշեն ծրագրեր:

120