Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ընթացող քննարկումներին:

«Ինչպես արձանագրված է կառավարության ծրագրում՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Մի շարք միջազգային գործընկերներ, այդ թվում մեր դաշնակից Ռուսաստանը, հայտարարել են, որ պատրաստ են աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Եվ ռուս գործընկերների հետ քննարկումների ընթացքում մենք տեղեկացրել ենք, որ պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Եթե ու երբ գործընթացը առաջ գնա՝ մենք, բնականաբար, հանրությանը զարգացումների մասին կտեղեկացնենք: Միաժամանակ նշեմ, որ այս պահի դրությամբ Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց չի ընթանում», հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

1114