Իշխանության հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած, բայց «Արցախի» փրկությունը շահարկման առարկա դարձրած «ընդդիմության» ակցիաները մեկնարկի առաջին օրից մինչ այս պահն ուղեկցվում են ատելության խոսքի եւ բռնության կոչի բացահայտ դրսեւորումներով: Սեփական ազգակցին «թուրք» անվանող ընդդիմությունը իր պատվավոր առաքելությունն է համարում հայհոյանքի, ծեծի ու ատելության կոչերով իր կողքը հավաքել աջակիցների հսկայական զանգված, չմտածելով անգամ, որ այդկերպ իր ձեռքով պարարտ հող է պատրաստում սեփական ձախողումը վայելելու համար:

Araratnews.am-ը «Հելսինկյան ասոցիացիայի» նախագահ Նինա Կարապետյանցի հետ խոսելով խորհրդարանական  «ընդդիմության» գործելաոճի կարեւորագույն տարրերի` ատելության խոսքի եւ բռնության կոչերի մասին, փորձել է հասկանալ` իրականության հետ որեւէ աղերս ունեն նրանց կողմից առաջարկվող գաղափարները:

- Ինչո՞ւ է այսօր բովանդակային-գաղափարական պայքարին փոխարինում բռնության կոչն ու ատելության խոսքը:

Նայելով փողոցում գտնվող քաղաքական ուժին՝ մի բան հստակ է.  այն, ինչ ներկայացվում եւ հրապարակվում է՝ ամենը չէ, իրականում կան այլ նպատակներ ու գաղափարներ, որոնք բարձրաձայնել, բնականաբար, չեն կարող, որովհետեւ դրանք լսելուց անմիջապես հետո հանրությունը հրապարակավ կմերժի նրանց, եթե սա արդեն իսկ մերժում չէ: Այսօր, ինչպես եւ մնացած բոլոր իրենց հեղինակած ակցիաներին հայտարարված նպատակներին չի համապատասխանում ոչ նրանց վարքագիծը եւ ոչ էլ խոսույթը, երկուսն էլ անտրամաբանական են: Աջակիցներ հավաքելու համար, ինչ-որ «դետալ» պակասում է, բայց դժվարանում եմ ասել, թե որը, դրա մասին գիտեն միայն փողոցում գտնվող «ընդդիմություն» կոչվող խմբի կազմակերպիչներն ու առաջնորդները:

Որտե՞ղ է թաքնված այսօր գերիշխող համատարած ատելության արմատը. ովքե՞ր են այն տարածողները:
Ցավոք սրտի, մեղավոր են բոլոր դերկատարները: Պիկի ամենախոշոր պայթյունը նախընտրական փուլից անմիջապես հետո սկսվեց, ականատեսը եղանք ֆիզիկական բռնության, իսկ սա բնականաբար անխուսափելիորեն ինչ-որ մի շրջանում պետք է հայտնվեր փողոցում ու դառնար գործելաոճ փողոցում գտնվող ուժի համար, սրա պատճառն էլ այն է, որ հասարակությունը իր պատկերացրած առաջնորդին կամ շրջանառության մեջ գտնվող առաջնորդներին ընդօրինակելու հակում ունի:

Ըստ Ձեզ, ինչո՞ւ է խորհրդարանական «ընդդիմությունը» յուրաքանչյուր «հարցի» լուծումը գտնում բռնության դրսեւորման մեջ:

Փողոցում գտնվող ուժի առաջնորդներն այն մարդիկ են, որոնց իշխանության տարիներին բռնությամբ են լուծվել բազմաթիվ հարցեր` սկսած ընտրությունների կեղծումից` վերջացրած շարքային քաղաքացիների սեփականությունը յուրացնելու պրոցեսներով: Սա իրենց համար բժշկների ասած` «ստացիոնար» վիճակ է, ոչ մի զարմանալի բան չկա: Պարզապես, ցավալի է, որ 2018-ից հետո այդ գործողությունները չդապարտվեցին ու գնահատական չստացան. այդ պարագայում փողոցում «պայքարի» այսքան դերակատարներ չէին լինի։

Հանրությունը դեռ մոլորության մեջ է, հանրության մի ստվար զանգված մտածում է, որ փողոցում «փրկիչներ» են, այնինչ նրանք ոչ մի պարագայում չեն կարող համարվել Հայաստանի փրկիչներ:

Իրենք ասում են՝  իրենց համակիրը ժողովուրդն է, ժողովուրդը պնդում` գումարով հավաքվածները. Դուք ի՞նչ եք կարծում, ովքեր են նրանց կողքին:

Ես պարբերաբար նայում եմ, թե ովքեր են իրենց ցույցերի հիմնական մասնակիցները եւ մի հետաքրքիր բան եմ նկատում. այնտեղ հավաքվածների մեծ մասը ընդդիմության ցույցի պարագլուխների բարեկամները, ծանոթները, խնամիներն են, ուշադիր լինելու դեպքում կնկատենք, որ ներկա են նաեւ իրենց «թագավորության» օրոք տարբեր պաշտոններ զբաղեցրած անձինք: Եկեք չմոռանանք նաեւ, թե որ ուժի մասին ենք խոսում. հիշում եք, չէ՞, որ ամեն ընտրությունից առաջ եւ հետո ծեծ ու ջարդ էին անում, չենք մոռանում նաեւ Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը, էլեկտրիկ Երեւանը, Սարի թաղն ու բազմաթիվ մեծ ու փոքր իրադարձություններ, որոնք լուծվել են միայն բռնությամբ:

Նոր Մարտի 1-ի հավանակություն տեսնո՞ւմ եք:

Իրենց շարժման երկրորդ շաբաթվանից, ես էլ եմ պնդել, որ ամեն կերպ փորձելու են ստանալ նոր Մարտի 1, որպեսզի հաշիվը հավասարեցնեն 1:1: Մարտի 1-ն ինքնին սարսափելի մեծ խարան է, իսկ ընդդիմությունը շատ լավ հասկանում է, որ դա այն խարանն է, որ ինքն ամբողջ իր գործունեության ու հետագա ամեն օրվա վրա պետք է կրի:

Պնդում են, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում. Դուք ինչպե՞ս կգնահատեք այս օրերի ոստիկանության աշխատանքը:

Ես համոզված եմ, որ եթե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ժամանակ այսպիսի գործողություններ լինեին, վստահաբար Լեւոն Երանոսյանը կամ Վալերի Օսիպյանը, որոնք այսօր բողոքում են փողոցում,  շատ ավելի բիրտ ուժ էին կիրառելու, շատ ավելի անհամաչափ ուժ էին կիրառելու։ Համեմատելու բառեր չէին լինելու նախորդ տարիներին իրականացված բռնությունների հետ:

Ինչպե՞ս կհանգուցալուծվի այս իրավիճակը:

Խնդիրն այն է, որ փողոցում գտնվող «լիդերներն» ինքնուրույն չեն գործում, ես ավելի քան համոզված եմ, որ իրենք դրսից հրահանգավորված գործողություններ են իրականացնում, եւ վերջիններիս ակտիվանալը կամ հանդարտվելը ուղիղ կապ ունի հրահանգների հետ, որոնք գալիս են «վերեւից»: Իրենք խաղաղ անհնազանդության տրամաբանության մեջ չեն գործում, հրահանգավորված են գործում, սա առաջինը, իսկ իշխանությունները, հույս ունեմ, որ կհասկանան, որ չի կարող որեւէ պարագայում կրկնվել որեւէ բռնության դեպք:

Աննա ՉԻԲՈՒԽՉՅԱՆ

1567