Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ քաղաքացիության մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին և պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական նպատակն է քաղաքացիության գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդրումը:

«Մեր առաջարկն է ստեղծել մեկ միասնական էլեկտրոնային միջավայր, որտեղ կվարվեն քաղաքացիության գործերը ամբողջությամբ»,- ասաց հիմնական զեկուցող՝ ՆԳՆ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

ՔՊ պատգամավոր Ալխաս Ղազարյանը հետաքրքրվեց. «Քաղաքացիության համար երբ դիմում են ներկայացնում, մենք ունե՞նք ժամկետ, թե ինչքան ժամանակում են դրանք ուսումնասիրվում, և ե՞րբ ենք կանչում դիմումատուին իր դիմումով: Երբ ունենում է ինչ-որ խնդիր փաստաթղթերի հետ, որքա՞ն ժամկետ ենք տալիս, որ դա ուղղվի, քանի որ այս դեպքում, եթե մենք էլեկտրոնային եղանակով ենք կատարում, կանխատեսելի է, որ ժամկետները պետք է ավելի կարճ լինեն»: «Ճիշտ է, պետտուրքի գինը 1997 թվականից չի փոխվել, բայց շատ չէ թռիչքը, 25000 դրամից միանգամից 150.000 դրամ»,- ասաց Ալխաս Ղազարյանը:

Նա նաև հետաքրքրվեց՝ տարբերություն կա՞ ժամկետների մեջ, թե քաղաքացին աշխարհի որ կետից է դիմում քաղաքացիություն ստանալու համար: «Քաղաքացու դիմումի պահից քաղաքացիության շնորհման գործը քննվում է 90 օր, իսկ դադարեցման գործը՝ 6 ամիս»,- ասաց հիմնական զեկուցող ՆԳՆ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Հարցի պատասխանից հետո Ալխաս Ղազարյանը հետաքրքրվեց, թե երբ է օրենքը մտնելու ուժի մեջ և լիովին պատրաստ են քաղաքացիության տրամադրման թվայնացմանը, թե ոչ:

Մանրամասները՝ տեսանյութում։

251