Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քուվեյթում Իրանի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Իտալիայի երկու քաղաքացի է զոհվել։ Այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ զոհվածները Rheinmetall Italia ռազմարդյունաբերական ընկերության աշխատակիցներ էին։ Նրանք Քուվեյթի զինված ուժերի կողմից օգտագործվող Skyguard զենիթահրթիռային համալիրի հայտնաբերման համակարգի ալեհավաքների տեխնիկական սպասարկում էին իրականացնում։
Ավելի վաղ, Քուվեյթի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Իրանի հարձակման հետևանքով թիրախավորվել է երկրի կարևոր օբյեկտներից մեկը, ինչի հետևանքով չորս մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու Իտալիայի քաղաքացի։
Ավելի ուշ, Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեքարչին հերքել է Թեհրանի մասնակցությունը հարձակմանը՝ Քուվեյթի մեղադրանքներն անվանելով իրականությանը չհամապատասխանող։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ջարրահ Ջաբեր ալ-Ահմեդ ալ-Սաբահի հետ հեռախոսազրույցում պատրաստակամություն է հայտնել համատեղ հետաքննություն անցկացնել՝ անօդաչու թռչող սարքի հարձակման աղբյուրը և դրան առնչություն ունեցող անձանց պարզելու նպատակով։
Արաղչին կրկին հերքել է Քուվեյթի տարածքի ուղղությամբ իրանական անօդաչու թռչող սարքի կիրառման մասին մեղադրանքները՝ հայտարարելով, որ Թեհրանը որևէ առնչություն չունի միջադեպի հետ։ Նա նաև ցավակցություն է հայտնել մարդկային զոհերի և պատճառված վնասի կապակցությամբ։
Իրանի դեսպանատունն Իտալիայում նույնպես հայտարարել է, որ Թեհրանը կապ չունի Քուվեյթում տեղի ունեցած հարձակման հետ։