Սիրելի’ արմավիրցիներ,

շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին հանրապետության օրվա առթիվ։

Մայիսյան հերոսամարտերը առանձնակի տեղ են զբաղեցնում մեր հաղթանակների շարքում. դրանք ապրելու մեր իրավունքը պաշտպանելու փառահեղ դրսևորում ու ինքնիշխան պետություն վերակերտելու փայլուն սկիզբ էին։

Բախտորոշ պայքարում տարած բեկումնային այս հաղթանակները շրջեցին պատմության ընթացքն ու կերտեցին այսօրվա Հայաստանը. Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում մեծ կորուստների գնով թուրքական բանակի դեմ տարած Մայիսյան հաղթանակները փրկեցին մեր գոյությունը, Արևելյան Հայաստանն ու այնտեղ բնակվող հայությանը:

Ակնհայտ էր, որ Արևելյան Հայաստանի համար նախատեսված էր նույն ճակատագիրը, ինչին արդեն արժանացել էր արևմտահայությունը:

1918 թվականի Մայիսյան աննախադեպ հաղթանակները դարձան նոր պատմության սկիզբ, հաստատեցին մեր ժողովրդի վերապրումը, ամրապնդեցին ազատ լինելիության իրավունքն ու անկախ պետականություն ունենալու արդարացի պահանջը։

Չնայած իր գոյության կարճատև ընթացքին՝ Առաջին հանրապետությունը ներկայիս Հայաստանի հիմնասյունն է, մեր ժողովրդի պատվախնդրության ու միասնականության արտահայտումը։

Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել ու արժևորել այս վճռորոշ շրջադարձը, ժողովրդավարական արժեքների վրա հիմնվելով՝ կերտենք ու շենացնենք մեր նախնիներին արժանի հայրենիք։

Սիրելի’ արմավիրցիներ,

Եվս մեկ անգամ շնորհավորելով այս նշանակալի իրադարձության առիթով՝ մաղթում եմ խաղաղություն, առաջընթաց ու աներկբա հավատ մեր երկրի գալիքի հանդեպ։

Հավերժ փառք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին մայիսի 28-ը:

1380