Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ:

Ուղերձում ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ։ Հուլիսի 14-ը և Ֆրանսիական հեղափոխությունը բեկումնային եղան համաշխարհային պատմության մեջ և լուսավորության, մարդու իրավունքների և իրավահավասարության նոր դարաշրջան բացեցին քաղաքակիրթ աշխարհի համար։ Մենք մեծապես գնահատում ենք երկու երկրների և ժողովուրդների միջև առկա անկեղծ բարեկամությունն ու համերաշխությունը և շարունակելու ենք ջանքեր գործադրել հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման և ընդլայնման ուղղությամբ։ Վստահ եմ, որ մոտ ապագայում միասին նոր հաջողություններ կգրանցենք՝ կյանքի կոչելով «Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության 2021-2026 թվականների ճանապարհային քարտեզի» դրույթները։

Հայաստանը բարձր է գնահատում մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և կարևորում է Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում։ Վերստին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում, իսկ Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։ 

608